![87701_b](https://lilmadoyansmediablog.files.wordpress.com/2017/02/87701_b.jpg?w=215&h=241)
Ավելի քան
300 տարի առաջ(17-րդ դարի 80-ական թթ.) Աբովյանի նախնիները բնակություն են հաստատել պատմական Քանաքեռում: Նրանց նախահայրը կամ տոհմապետը՝ Մելիք- Աբովը իր ազգականներով գաղթել է
Լազիստանից, որը գտնվում է Հյուսիսային Կովկասում, Սև ծովի հարավում:
Չդիմանալով Կովկասի լեռնական ազգերի անընդհատ հարձակումներին և պատճառած նեղություններին՝ նա իր ընտանիքով մի քանի ուրիշ հարևան ընտանիքների հետ միասին եկել է Երևան և բնակություն է հաստատել Քանաքեռ գյուղում: Մելիք Աբովը գրողի պապի պապն է: Խաչատուրի պապի հոր անունը եղել է
Վիրապ, պապինը՝ դարձյալ
Աբով: Վերջինս՝ պարոն Աբովը (այսպես էին նրան կոչում), Արարատյան աշխարհի երևելիներից էր: Ժամանակի համեմատ բավականաչափ զարգացած, շրջահայաց, գիտակ սուրբ գրքին ու աշխարհիկ գրվածքներին: Քանաքեռի բոլոր հին բնակիչները հպարտությամբ ու հարգանքով են հիշում պարոն Աբովին, այսպես են բնութագրում նրան.
«Կարիքավորների համար՝ գանձ, երջանիկ ամուսին ու հայր, հարուստ, վերին աստիճանի բարեգործ ու հյուրասեր: Նրա տունը միշտ լիքն էր լինում հյուրերով»: Պարոն Աբովը ուներ երկու որդի՝ Հարությունն ու Ավետիքը և չորս դուստր: Որդիներից կրտսերը՝
Ավետիքը, Խաչատուրի հայրն էր: Աբովյանի հայրը՝ Ավետիքը և քանաքեռցի Թադևոսյանների դուստր
Թագուհին ամուսնանում են
1803 թվականին: Խ.Աբովյանի ծննդյան թվականի մասին տարբեր կարծիքներ կան (1809,1804,1806): Ընդունվում է
1804-1805 թվականը և այդ այն հիմքով, որ գոյություն ունի միայն մի ամենահավաստի, իր՝ Աբովյանի ձեռքով գրված վավերականը, դա գերմաներեն լեզվով գրված նամակ է իր գերմանացի ընկերոջը, որտեղ Աբովյանը նշում է իր ծննդյան թվականը և նկարագրում իր ծննդավայրը.
«Ես ծնուել եմ 1804-1805թ. Քանաքեռ զուտ հայաբնակ գիւղում, Երևանից 5 վերստ հեռավորութեան վերայ դէպի հիւսիս…»; Քանաքեռը պատմական Հայաստանի հին ու նշանավոր գյուղերից է՝ փռված հրաբխային բարձրավանդակի վրա:
Քանաքեռի մասին գրավոր առաջին հիշատակությունը պահպանվել է Հաղարծնի վանքի սբ. Գրիգոր եկեղեցու 1206թ. արձանագրության մեջ: Ըստ մի ավանդության՝ Քանաքեռը կամ Քամաքերը եղել է Նոյի Քամ որդու բնակատեղին՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում՝ Դարաբաս բլրի վրա բնակվելիս է եղել մի թագավոր՝ Քանան անունով: Վերջինիս քրոջը, տեղի բնակիչները կոչել են Քանանի քույր և այստեղից էլ ծագել է «Քանաքեռ» կամ «Քանաքույր» անվանումը: Կա մեկ ավանդություն ևս, որը հայտնում է Աբովյանը: Համաձայն ավանդության՝ Քանաքեռ անունը ծագել է «Քա, նա, քեռն…» արտահայտությունից. մի անցվոր կին, տեսնելով նահատակված քրոջ գերեզմանին սգացող եղբորը, ձայն է տալիս ընկերուհուն. «Քա, նա քեռն ողբա զկորուստ…», այսինքն՝ աղջի, նա քրոջ կորուստն է ողբում: Եվ այս արտահայտության առաջին բառերն է՝ Քա-նա-քեռ, դարձել են գյուղի անունը:
Комментариев нет:
Отправить комментарий