среда, 26 апреля 2017 г.

Ստեփան Ոսկանը Խ.Աբովյանի մասին

1931472_252287201777494_1120272245582862302_nԱբովյանի «Վերք Հայաստանի» անունով գործն է ազգային բանաստեղծության մի հարազատ գաղափար։ Ահա այդ աշխատության մեջ մարմին է առել ազգի հոգին, 
ազգի ներկա վիճակը, ազգի հասկացությունը:

Ամեն մի քննադատին, մտավորականին  կարևորելու համար, պետք է հաշվի առնենք, թե նա ինչպե՞ս է գնահատում ժամանակաշրջանի գրական ու կենսական խնդիրները, ինչպե՞ս է գնահատում իր ժամանակակից գրողների երկերի գեղագիտական-հասարակական էությունը, ի՞նչ ուղիներ է գծում գրականության ընթացքի համար. Բելինսկին մեծ էր, որովհետև հասկացավ ժամանակաշրջանի էական  հարցերը և այդ տեսանկյունից բացեց ռուս նորագույն գրականության ճանապարհը:
Հայ հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ  Ստեփան Ոսկանը (Ոսկանյանը) ևս բացառիկ անհատականություն էր, և ամենից առաջ, բնականաբար, նրան հուզում էր դարաշրջանի մեծ գրողի՝ Խ.Աբովյանի ստեղծագործությունը: Ստ.Ոսկանը ծնվել է Զմյուռնիայում, եղել է Միք.Նալբանդյանի, Հ. Սվաճյանի, Հ.Մամուրյանի սերնդակիցը: Նա եղել է հրապարակախոս, մտածող և գրական քննադատ: Դա երևում էր և՛ եվրոպական, և՛ հայ գրականության կենսական երևույթների քննության և ուղիների բնութագրման մեջ: Հատկապես կարևոր է «Խաչատուր Աբովյան» ծավալուն քննադատական հոդվածը: «Վերքը»  լույս տեսնելուն պես նա ոչ միայն կարդում և ուսումնասիրում է, այլև սկսում է հետաքրքրվել Աբովյանի անձով, հավաքում է գրավոր և բանավոր նյութեր, հուշեր և ճամփորդական նոթեր (օրինակ՝ Վագների նոթերը, Աբովյանի աշակերտներից մեկի պատմածը):
Ոսկանին շատ է հետաքրքրում հայ նոր գրականության հիմնադրի երկը, նրան հուզում է դժբախտ վերջաբան գտած մարդու գրական և քաղաքական խիզախությունը: Եվ նա բացում է գրական երկի բանասիրական ու ազգային արժեքը, գեղագիտական և լեզվական հատկություններն ու ազգային խորհուրդը:
«Այս գիրքը,-գրում է Ոսկանը,-երկու արժեք ունի՝  բանասիրական և ազգային, բայց մինչ զայն քննելը, պարտ կը սեպենք հեղինակին վրա խոսիլ  քիչ մը»:
Այսինքն կարևորում էր հեղինակի անհատականության բնութագրումը: Աբովյանի կորուստը երեք կերպով է մեկնում քննադատը Աբովյանի կորստյան առթիվ. «Կամ հուսահատորեն ինքնամեռ ելավ աշխարհեն, կամ ուրիշներից սպանվեց, կամ զոհ եղավ անխուսափելի վտանգի մը»:  Համաձայն չէ նաև այն կարծիքին, թե Աբովյանը թշնամուն զոհ է դարձել: Հիմնվելով «Հառաջաբանի» վրա՝  կարծում է, որ գրողը դիպվածի կամ հուսահատության զոհ է դարձել, քանի որ Աբովյանը սովորություն ուներ տրտում ու հուսաբեկ շրջել հովտից հովիտ, լեռնելեռ՝ իր տխրությունը փարատելու համար: Ապա Ոսկանը սխալվում է՝ կարծելով, թե, հավանաբար, նա ընկել է Կուր գետը՝ պատահմամբ կամ ցանկանալով: Բայց կարևորն այն է, որ նա այդ հուսահատությունը կապում է Աբովյանի բացառիկ հայրենասիրության ևժողովրդական ծանր բախտի հետ. այսպես նա համարում է, որ Աբովյանը՝ լինելով ճշմարիտ հայրենասեր, նրա հոգում խոր ստվեր է գցել ժողովրդի սերն ու հայրենիքի դժբախտությունը: Ուստի անհուն սիրուց և վշտից էլ Աբովյանը կարող էր գլուխը մահու տալ: «Ոմանք կարծում են, թե Սիբիր քշված է կամ Խոր վիրապի մեջ  կը պահվի, վերջինս անհիմն կերևի»: Աբովյանը Էջմիածին վանքին մեջ տիրացու էր , երբ  1829թ. Դորպատի համալսարանի վարժապետ Պարոտը առաջարկեց կաթողիկոսին, որ այս երիտասարդ սարկավագը իրեն ճամփորդության ընկեր լինի, որովհետև միայն նա ռուսերեն կը խոսեր:
«Պարոն Աբովյանի հետ տեսություն ըրի ու զարմացա իր հմտության վրա: Գերմանական փիլիսոփայության և գրականության տեսիլները իրեն այնքան ընտանի են, որ նույնիսկ Եվրոպան մը օգուտ կքաղեր իր կարծիքներեն: Շիլլերը ջուրի պես գիտե, Լեսինկին, Լեյպցիին կարծիքները մաղի պես անցուցեր է և իր ասիական երևակայությունով անոնց նոր գույն մը կուտա: Գերմանացիի մը չափ կը խոսի գերմանի լեզուն և տարակույս չկա, որ այս անձը հայ գրագիտությանը պատիվ պիտի ընե օր մը…»:
Խոսելով «Վերքի» մասին՝ Ոականը ընդգծում է էականը՝ ազգային խորհուրդը: Այստեղ նա ընդգծում է մի մեծ նորություն, որը մեծ սկիզբ էր մայրենի գրականության մեջ: Խոսքը վերաբերում է հերոսի ընտրության կարևոր խնդրին, որ սկզբունքային նշանակություն ուներ վեպի ազգային խորհրդի հարցում.«Նա կամք ըրել է մեր քաջերեն մեկը ընտրել, անոր վարքը վիպական ձևերով զարդարել և ազգի առջև դնել, որպեսզի ազգը տեսնե, կարդա և սփոփվի»:
Հերոսի ընտրությամբ Աբովյանը կերտել է հայ կյանքը և հայ մարդու կերպարը, ով իր քաջությամբ օրինակ է ազգի զավակների համար: Այս ամենին գումարվում է նաև վեպի մյուս հատկանիշները՝ ոգին, լեզուն և ոճը:  «Ինչպես կերևի Աբովյանը շատ հեռատես ազգասիրություն ուներ, -գրում է  Ոսկանը՝ բացատրելով աշխարհաբար գրական լեզվի ծննդյան հանգամանքները: Ազգին օգտակար լինելու համար պետք է նրան հասկանալի նոր լեզվով գրել, հրաժարվել խրթին ու անմատչելի գրաբարից, ճարտասանությունից»: Աբովյանը հասկացել է ժողովրդի սերը, փիլիսոփայի հայացքով քննել է ժողովրդի ու գրականության թաքուն կապերը: Այդ պատճառով նա գնում է դեպի ժողովրդի լեզուն. «Կընտրե ռամիկ լեզուն և կաշխատի գրել, ինչպես ռամիկը կը խոսի, և այն աստիճան կը հաջողի, որ ռամիկն կարդալու սեր մը կ՛ըզգա: Աբովյանը գեղջուկ կյանքի և գործերու մեջ վսեմություն ու քաջություն է տեսնում, երբեմն ավելի շատ, քան  թագավորի մը գործերու մեջ»:
Քննադատը կիսում է Աբովյանի հայացքը, համակրում հերոսի ընտրությանը, քանի որ հայ գյուղացիության հետ էր կապում ներքին և արտաքին թշնամիների դեմ ձևավորվող ազատագրական պայքարի գալիքը. «Ժամանակն եկավ, որ հայ ռամիկն ալ զգա, որ իր ռամկությունովը մեծ բաներ կընա ընել և ուրիշ ժողովուրդներե վար  չմնար թե՛ ազգային, թե՛ օտարազգի բռնավորներու դեմ զինվելու ատեն…»:
Նկատելի է, որ Ստ. Ոսկանը տեղ-տեղ այս տողերի մեջ ավելի արմատական հայացք ունի վեպի սոցիալական-քաղաքական արժեքի նկատմամբ, քան նույնիսկ Միք. Նալբանդյանը: Այսինքն նա առաջ է քաշում իշխողների, մեծահարուստների, արտաքին բռնադատիչների դեմ ժողովրդական պայքարի անհրաժեշտության գաղափարը:
Ապա Ոսկանը անդրադառնում է նաև վեպի գեղարվեստական արժեքին: Սկզբում նա գրում է մի շտապ նախադասություն, որի սխալ բնույթն անմիջապես նկատել է Միք. Նալբանդյանը և բարեկամաբար դիտողություն արել. «Անհնարին է այս գիրքը դատել եվրոպական կանոնով, վասնզի, ինչպես լուինք, ռամիկներու համար և ռամիկի ոճով գրած է այն և իբրև գրական շենք մը չընծայվեր մեր առջև»: Նալբանդյանը չի համաձայնել՝ գտնելով, որ վեպը պետք է գնահատել եվրոպական կանոններով, այսինքն ունի ներքին խորհուրդ և գաղափար, որոնց մեջ կենտրոնանում են հերոսներն ու գործողությունները: Նալբանդյանը իրավացի էր, քանի որ, իրոք, վեպը ոչ թե ռազմական մակարդակ ունեցող ասիական առասպելախառն զրույց էր, այլ բարձր գաղափարների վրա հիմնված գեղարվեստական կառույց, որի նպատակն է բարձրացնել ազգը: Իսկ Ստեփան Ոսկանը վեպի մեջ անտեսում է հասարակության մյուս խավերին՝ մտավորականությունը, քաղաքաբնակներին և այլն:
«Ռամիկի համար և ռամիկի ոճով գրված է այն,-ասում է պարոն Ոսկանը: Համաձայն չեմ: Բոլոր ազգերի համար է գրված, այնտեղ կա ուսանելիք ոչ միայն շինականի համար, այլև քաղաքացու, այլև հայոց թերուս ուսումնականների համար ևս»:
Անցնելով վեպի գեղարվեստական ներքին արժանիքներին և կառույցին՝ Ոսկանը գնահատում է վեպի գեղարվեստական արժանավորությունները: «Վերքի» յուրաքանչյուր էջի վրա տեսնում է հայրենական վառվռուն սեր մը, երևակայություն մը և նուրբ դիտումներ: Նա ընդգծում է վեպի ռեալիստական շերտերը, Հայաստանի գյուղերի ծանր ու աղետալի կյանքի պատկերները. «Կարդացողը կարծես այդ գյուղերուն մեջ կփոխադրվի և սոսկալի աղետներուն մասնակից կըլլա»: Ոսկանը գրում է  նաև վիպասանի տաղանդի մասին. «Վերքի»  «մանր ու փափուկ» նկարագրություննեը համեմատում է Բալզակի և Էրժեն Սյուի գրածների  հետ: Այս բոլորի հետ միասին քննադատը չի մոռանում նաև ճանաչողական արժեքը, որն այնքան կարևոր է համայն հայության համար՝ ինքնաճանաչողության ճանապարհին: Այս բոլորի հետ տաղանդավոր քննադատը կրկին հակադրվում է խավարամտությանը ու գտնում, որ ճշմարիտ գրականության համար աղբյուր պետք է լինի ժողովրդի սիրտը, իսկ ճշմարիտ բանաստեղծը կոչված է առաջնորդելու բազմությանը դեպի մարդկային կյանքի մեծ ասպարեզ:
Ահա, աստղային ժամերին ծնված լուսավոր երևույթներից մեկի՝ Ստ. Ոսկանի քննադատությունը՝ «փոքր», բայց լայնախոհ, հեռատես ու իմաստուն:

Комментариев нет:

Отправить комментарий