вторник, 16 мая 2017 г.

Օշո

Սերը` երախտագիտություն և աղոթք

O8.504
Ինքնաբավ մարդն ինքնին սեր է: Նա սիրահարված չէ, նա Սեր է: Նա սիրում է հանուն սիրո:
Նա այդպես է արտահայտում իր երախտագիտությունը կյանքին: Սերը նրա երախտագիտությունն է, սերը նրա աղոթքն է: Այդ իսկ պատճառով նա սիրում է բոլորին և յուրաքանչյուրին:
Նա ոչինչ չի պահանջում դրա դիմաց, նա պարզապես տալիս է, քանզի Աստված նրա հանդեպ այնքա՜ն շռայլ է գտնվել, որ այդ ամենը չկիսել ուրիշների հետ նա պարզապես չի կարող:
Դա հրաշք է. որքան շատ ենք մենք տալիս, այնքան շատ է մեզ տրվում: Հենց որ դու սովորես տալու գիտությունը, հասկանաս նրա գաղտնիքներն ու թվաբանությունը, դու կդադարես ժլատ լինել, դու կսկսես մարդկանց հետ կիսել այն ամենը, ինչը կարող ես:
Դու կտաս, և այդ ժամանակ դու շատ ավելին կունենաս:
Բաժանի՛ր երանություն և սեր, գնա՛ փոխըմբռնման, տո՛ւր այն ամենը, ինչը դու կարող ես տալ, դրա մեջ է քո ներքին հարստությունը:
Երբ ես ասում եմ` ինքնաբավ մարդը տեղով մեկ սեր է, ես ի նկատի ունեմ նրա տալու-բաժանելու կարողությունը:
Թո՛ղ որ քո մեջ լինի այդ փոփոխությունը` եղի՛ր ինքնաբավ: Այդ ժամ հրաշք կպատահի. սերը դեպի քեզ կհոսի հազարավոր առվակներով, բազմաթիվ ուղիներով, տարբեր հարթություններով:
Կյանքը կդառնա քո հարստությունը` քեզ որպես պարգև տալով անիմանալի ինտելեկտ և անհասանելի միտք` կյանքը դարձնելով մեծ առեղծված և զմայլանք…

Օշո «Իսկ դու գիտե՞ս՝ ի՞նչ ես ուզում»

Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:
Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:
Մտածե՛ք՝  նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:
Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:
Եթե ձեր ուզածը գիտելիք է, դա էլ իրականություն կդառնա. ձեր գլուխը կվերածվի բազմաթիվ գրվածքներով լեցուն մի մեծ գրադարանի: Իսկ, հետո դուք լաց կլինեք, կդժգոհեք ու կաղմկեք. «Միայն բառեր, ամենը բառեր ու բառեր, ոչ ու փուչ բառեր: Եվ ես սրա վրա ծախսեցի իմ ամբողջ կյանքը»:
Թող ձեր երազանքները լինեն գիտակցված, չէ՞ որ բոլոր երազանքները վաղ, թե ուշ կատարվում են: Երբեմն երազանքները կատարվում են ոչ միանգամից, դրանց կատարման հերթը ձգվում է բավականաչափ երկար, դե՛, որովհետև հո միայն դո՞ւք չեք: Այնպես որ, շատ հաճախ կարիք է լինում սպասել:
Երբեմն էլ երազանքները իրականանում են միայն հաջորդ կյանքում, բայց, մեկ է, ցանկացած երազանք, ի վերջո, կատարվում է: Սա շատ վտանգավոր օրենք է:
Այնպես որ, նախքան ինչ-որ բան կամենալը, մտածե՛ք:
Նախքան ինչ-որ բան խնդրելը, մտածե՛ք:
Եվ հիշե՛ք՝  ցանկացած երազանք անպայման իրականանում է, բայց արդյո՞ք դրա դիմաց դուք ստիպված չեք լինի չափից ավել թանկ վճարել:

Комментариев нет:

Отправить комментарий